National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
28.04.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05 06 07
08 09 10 11 12 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28
29 30
 
12.11.2019
«Բաց դասեր» Ազգային ժողովում
1 / 16

Նոյեմբերի 12-ին  խորհրդարան էին այցելել Հայ-ռուսական (սլավոնական) համալսարանի  եւ Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի Գյումրու մասնաճյուղի ուսանողներն ու դասախոսները:

Հայոց պառլամենտարիզմի պատմությանը հյուրերը ծանոթացել են ԱԺ թանգարանում, իսկ խորհրդարանի աշխատանքներին հետեւել են ԱԺ նիստերի դահլիճի օթյակից:

Հայ-ռուսական համալսարանի ուսանողների համար  «Բաց դասն» անցկացրել են ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներ՝  ՀՀ ԱԺ Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը, Ալեքսեյ Սանդիկովը, Կորյուն Մկրտչյանը, Գոռ Գեւորգյանը, Միքայել Զոլյանը:

Հանդիպման ընթացքում մտքեր են փոխանակվել Երիտասարդական խորհրդարան ձեւավորելու հարցի շուրջ: Ուսանողները  կարծիք են հայտնել, որ  նման կառույցը հնարավորություն կտա երիտասարդներին ծանոթանալու օրենսդրական աշխատանքներին,  կատարելու առաջին քայլերը  դեպի  քաղաքականություն:

Քննարկում է ծավալվել նաեւ  Կառավարության  կողմից մշակված՝ «Բարձրագույն կրթության եւ գիտության մասին» օրենքի աշխատանքային նախագծի այն դրույթի շուրջ, որով առաջարկվում է հայոց լեզու, հայ գրականություն եւ հայոց պատմություն առարկաները  բուհերի ոչ մասնագիտական ֆակուլտետներում ուսուցանման համար համարել ոչ պարտադիր:

Արման Եղոյանը նշել է, որ 12-ամյա կրթության ընթացքում աշակերտները բավարար գիտելիքներ են ստանում նշյալ առարկաներից, ուստի բուհերում դրանց դասավանդումը ոչ պարտադիր դարձնելը կնպաստի, որ ուսանողներն ավելի շատ կենտրոնանան մասնագիտական առարկաների վրա:

Միքայել Զոլյանի խոսքով՝ հարցը վերաբերում է ոչ թե առարկաների դասավանդմանը, այլ բուհերի ինքնավարությանը: Առաջարկվում է այդ առարկաները ոչ թե  հանել դասացուցակներից, այլ դրանց դասավանդումը թողնել բուհերի հայեցողությանը:

Ուսանողները նշել են, որ հարցի առնչությամբ կա  տեղեկատվության պակաս, որի արդյունքում էլ առկա է տարընթերցում:

ՀՊՏՀ Գյումրու մասնաճյուղի ուսանողների ու դասախոսների համար «Բաց դասը» վարել է ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ Արտակ Մանուկյանը։ Նա ներկայացրել է պետական բյուջեի մշակման, քննարկման եւ ընդունման ընթացակարգերը։ Ըստ նրա՝ պետբյուջեն երկրի ոչ միայն գլխավոր ֆինանսական, այլեւ քաղաքական փաստաթուղթն է, քանի որ այն քննարկվում եւ ընդունվում է խորհրդարանում ներկայացված քաղաքական ուժերի անմիջական մասնակցությամբ։ Նշվել է, որ նախատեսված 4,9 տոկոս տնտեսական աճն իրատեսական ցուցանիշ է։ Արտակ Մանուկյանի հավաստմամբ՝ անհրաժեշտ է կառուցել արտահանմանը միտված տնտեսական համակարգ, ինչպես նաեւ պետք է զարկ տալ ենթակառուցվածքների զարգացմանը, որի համար 2020թ--ի պետբյուջեի նախագիծը տալիս է դրա հնարավորությունը։ Պատգամավորը կարեւորել է գալիք տարի նախատեսված կենսաթոշակների 10 տոկոսով ավելացումը, ուսուցիչների, ուժային կառույցների եւ ԱԻՆ փրկարար ծառայության աշխատակիցների աշխատավարձերի բարձրացումը։ Կարեւոր է համարվել նաեւ կոռուպցիայի եւ ստվերի դեմ անզիջում պայքարը։ Ընդգծվել է քաղաքացիների կողմից ՀԴՄ կտրոնների պարտադիր պահանջի կարեւորությունը։

Այնուհետեւ հանդիպմանը մասնակից է դարձել ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վարազդատ Կարապետյանը։ Նա ներկայացրել է իր գլխավորած հանձնաժողովի կառուցվածքն ու գործառույթները, անդրադարձել տեղական ինքնակառավարման հարցերին։ Պատգամավորը կարեւորել է համայնքների խոշորացումը, ինչն, ըստ նրա, թույլ է տալիս համատեղ ուժերով լուծել ներհամայնքային շատ խնդիրներ։ Շեշտադրվել է իրականացվող ապակենտրոնացման քաղաքականությունը։ Առաջիկայում կմշակվի ագրարային քաղաքականության ռազմավարությունը, որը հիմք կհանդիսանա ոլորտի նոր օրենսդրության ընդունմանը։ Վարազդատ Կարապետյանն անդրադարձել է նաեւ շրջակա միջավայրի, խմելու ջրի, անտառների պահպանությանը, մշակման փուլում գտնվող ընդերքի ռազմավարությանը։

Արտակ Մանուկյանի տեղեկացմամբ՝ գալիք տարի կներդրվի ծիրանի եւ խաղողի ապահովագրության համակարգ։ Գյուղատնտեսական աշխատանքների նպատակային կազմակերպման գործում՝ նա կարեւոր է համարել գյուղացիական կոոպերատիվների դերն ու նշանակությունը։

Բանախոսները պատասխանել են ուսանողների բազմաթիվ հարցերի եւ նրանց բարեմաղթել բարձր առաջադիմություն, նպատակների իրականացում։

Նույն օրը խորհրդարան են այցելել նաեւ Գավառի պետական համալսարանի ուսանողները:

Նրանց հետ հանդիպել են ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներ Վիկտոր Ենգիբարյանը, Հայկ Սարգսյանը եւ Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վարազդատ Կարապետյանը:

Պատգամավորները պատասխանել են ուսանողների հնչեցրած հարցերին:
 




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am